(կիզբը` այստեղ)
ՄԱԿ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը գլորվում է մեծ պատերազմի անդունդը: Նա Իսրայելին պատասխանատու է անվանել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համար և նշել, որ Մոսկվան դատապարտում է և՛ Լիբանանում Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ- ի) գործողությունները, և՛ «Հըզբոլահ»- ի առաջնորդի սպանությունը:
«Ցավոք, մերձավորարևելյան տարածաշրջանը բառացիորեն մեր աչքի առաջ գլորվում է նոր մեծ պատերազմի անդունդը, իսկ ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը միայն անօգնական հետևում է դրան»,- հայտարարել է ՄԱԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով Մերձավոր Արևելքի առնչությամբ վերջերս կայացած ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները դիվանագիտությունը գործի դնելու փոխարեն, «միանշանակ խաղադրույք են կատարել» ուժ գործադրելու վրա, իսկ ԱՄՆ- ն նրանց հետ «խաղում է»։
Նեբենզյան Լիբանանն անվանել է «իսրայելական ռազմական մեքենայի նոր զոհ», իսկ «Հըզբոլահ»- ի առաջնորդ Հասան Նասրալայի և ՀԱՄԱՍ- ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունները՝ քաղաքական, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը նրանց, ի տարբերություն Իսրայելի և ԱՄՆ- ի, ահաբեկիչ չի համարում:
Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Հասան Նասրալայի սպանությունը, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի գործողությունները, և նրան կոչ է անում դուրս բերել զորքերն այնտեղից: Նեբենզյան Իսրայելի վրա է դրել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ու դրա հետևանքների պատասխանատվությունը և նշել, որ այժմ հակամարտության մեջ է ներառվել է Իրանը, որը «բացառիկ զսպվածություն է ցուցաբերել»։
Իսրայելի շարունակական սադրանքները
Իսմայիլ Հանիան զոհվել է հուլիսի 31- ին Թեհրանի նստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որտեղ նա ժամանել էր մասնակցելու Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը: Իրանը Իսրայելին մեղադրել է ՀԱՄԱՍ- ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության մեջ, այնուամենայնիվ, այն ժամանակ Իսլամական Հանրապետությունը, չնայած մայրաքաղաքում Իսրայելի կողմից իր թանկ ու կարևոր հյուրի սպանությանը, իսկապես, ինչպես Նեբենզյան է ասել, «բացառիկ զսպվածություն» ցուցաբերելով, ձեռնպահ մնաց պատասխանելուց։
Սակայն, Իսրայելը նպատակ ունենալով առավել սադրելու, Իրանի համբերության բաժակը լցնելու ճանապարհով դրդել նրան, որ պատասխանի և առիթ ունենա իրադարձությունների հետագա զարգացումը հասցնելու Իրանի հետ պատերազմի, սեպտեմբերի 27- ին ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հըզբոլահ»- ի կենտրոնակայանին, ինչի հետևանքով զոհվել են «Հըզբոլահ»- ի առաջնորդ, Լիբանանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Նասրալաև և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Աբաս Նիլֆորուշանը: Վերոնշյալ հարձակմանն Իրանն արդեն հարկադրված եղավ պատասխանել հոկտեմբերի 1- ի երեկոյան Իսրայելին հրթիռային հարվածով։
Ինչպես արդեն նշել ենք, ՑԱՀԱԼ- ը դրանից անմիջապես հետո հայտարարել է, որ այդ հարձակումը «հետևանքներ կունենա», և որ իրենք ծրագրեր ունեն… Ի հավելումն դրա, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հոկտեմբերի 9- ին, չնայած մինչ այդ Իրանի սպառնալիքին, որ եթե Իսրայելը «համարձակվի պատասխանել կամ չարամտության հետագա գործողություններ կատարել», ապա նրա ուղղությամբ ջախջախիչ պատասխան կհետևի, «էլ ավելի կործանարար» գրոհ, հայտարարել է, որ Իսրայելը չի հրաժարվելու Իրանին հարվածելու ծրագրերից, և որ այն «մահացու և անսպասելի» կլինի այնքան, որ իրանցիները չեն հասցնի որևէ բան հասկանալ:
Ավելի վաղ Իսրայելն իր ավիահարվածներն էր հասցրել Բեյրութին «Հյուսիսի նետեր» ռազմական գործողության շրջանակներում, որն օդային հարձակումներից բացի, հոկտեմբերի 1- ի գիշերը շարունակվեց նաև ցամաքային գործողություններով:
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իրանի հարվածից հետո դատապարտել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը, այն համարել «էսկալացիա էսկալացիայից հետո» և կոչ է արել դադարեցնել կրակը: Ուշագրավ է, որ նա չի հիշատակել Իսլամական Հանրապետությունը, այսինքն՝ չի դատապարտել հոկտեմբերի 1- ի նրա հրթիռային հարձակումը, հասկանալով, որ այն ինքնապաշտպանության հարկադիր քայլ էր: Դատապարտելով հակամարտության ընդլայնումը, նա դրանում մեղավոր ու պատասխանատու չի համարել Իրանին, ինչից հետո Իսրայելում նրան պերսոնա նոն գրադա են հայտարարել։
Ինչու Իսրայելը դեռ պատասխան հարված չի հասցրել
Ըստ «The Economist»- ի, որի հրապարակումը ներկայացրել է Mail.ru- ն, Իսրայելի անվտանգության հարցերով զբաղվողներից ոչ բոլորն են ձգտում փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Որոշ գեներալներ խորհուրդ են տալիս զգուշություն ցուցաբերել։ Նրանց կարծիքով, Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ նման մասշտաբի արշավ սկսել առանց իր գլխավոր դաշնակցի՝ Միացյալ Նահանգների հետ համակարգելու, այսինքն՝ մինչ այդ նրա համաձայնությունը պետք է ստանալ ու հասնել նշված համակարգմանը:
Մինչդեռ, պարբերականի տեղեկացմամբ, նախագահ Ջո Բայդենը հրապարակավ դեմ է արտահայտվել Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարձակմանը, քանի որ այն ամերիկյան ընտրությունների նախօրեին կարող է հանգեցնել էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի: Բայդենը մինչ այժմ դեմ է եղել նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը: Սա, ընդգծում ենք, ըստ արևմտյան հիշյալ լրատվամիջոցի, իսկ թե ԱՄՆ- ի նախագահն իրականում դեմ է, թե կողմ, մոտ ժամանակներս մոտ ժամանակներս պարզ կդառնա՝ Իրանին Իսրայելի հարվածելուց կամ չհարվածելուց:
Դարձյալ ըստ «The Economist»- ի, չնայած 2023թ. ԱՄՆ- ի կողմից Իսրայելին ցուցաբերված գրեթե 18 մլրդ դոլարի աջակցությանը, ինչպես նաև այն փաստին, որ ամերիկյան ինքնաթիռներն ու ռազմանավերն էական դեր են խաղացել իրանական հրթիռները որսալու գործում, Իսրայելը մինչ այժմ չի կիսել իր ծրագրերը մերձավոր դաշնակցի հետ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաշտպանության նախարար Գալանտին նույնիսկ արգելել է մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու հնարավոր տարբերակները:
Հաղորդվում է նաև, որ հոկտեմբերի 9- ին Նաթանյահուն գրեթե մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ: Զրույցի մեծ մասի ընթացքում նրանք քննարկել են Իրանին հնարավոր հարվածները, սակայն, կարծես, համաձայնության չեն եկել։
Համաձայն «The Economist»- ի հրապարակման, Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը, մինչ Իսրայելը Գազայում դեռ պայքարում է ՀԱՄԱՍ- ի դեմ և Հարավային Լիբանանում ցամաքային ներխուժում է սկսել «Հըզբոլահ»- ի դեմ, կհանգեցնի միջոցների, պաշարների վտանգավոր սպառման: Որոշ գեներալներ նույնիսկ զգուշացնում են արդեն ձեռք բերված հաջողությունների կորստից։
Սակայն, ինչպես գրել է պարբերականը, Իսրայելի վարչապետի, ղեկավարության շրջանում 2023թ. հոկտեմբերի 7- ի աղետից (ՀԱՄԱՍ- ի լայնամասշտաբ հարձակումից) ի վեր, իսրայելցի զինվորականների և հատուկ ծառայությունների ղեկավարների նկատմամբ վստահությունը նվազել է (այսինքն՝ դեմ հանդես եկողների կարծիքը դժվար թե հաշվի առնվի): Ինչպես Նաթանյահուն, այնպես էլ պաշտպանության նախարարը և ռազմական գործիչների մի մասն այժմ կարծես պատրաստ են կործանարար հակամարտության ռիսկի դիմել՝ Իսրայելի ամենամեծ ձախողումը տարածաշրջանային պատերազմում հաղթանակի վերածելու համար: Բայց, ինչպես Նաթանյահուն, նրանք կարող են սեփական ամբարտավանության զոհ դառնալ։
Չժխտելով, որ «The Economist»- ի նշած որոշ հանգամանքներ իրենց դերն ունեն այն իրողության հարցում, որ Իսրայելը դեռ չի հարվածել Իրանին, ընդգծենք, որ այդ առումով հիմնական պատճառն այլ է. Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել է Իսրայելի ամենահզոր, ամենակարևոր ռադարը, որն իր շուրջ կես մլրդ դոլար արժողությամբ համարվում է աշխարհում ամենաթանկը: Զրկվելով իրանական հրթիռների դեմ իր այս գրեթե ամենատես «աչքից», Իսրայելն առայժմ չի համարձակվել հարվածել Իրանին, քանի դեռ ԱՄՆ- ից չի ստացել դրան մեծապես կամ հնարավորինս փոխարինողը, որն այժմ ճանապարհին է կամ միգուցե արդեն տեղ է հասել:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ